«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ժամանակն է ձերբազատվելու Made in USSR շտամպից

Ժամանակն է ձերբազատվելու Made in USSR շտամպից
08.10.2012 | 18:48

Ասում են` ոչ վաղ անցյալում եղել է մի անսովոր պետություն` «Սովետ» անունով, ապրել է իր օրենքներով, իր վարք ու բարքով, հարուցելով տարբեր ազգերի ու պետությունների համակրանքը կամ հակակրանքը և իր մահկանացուն կնքել կյանքի յոթանասուներորդ տարում։ Սակայն եթե սովորական մահկանացուի հետևից ասում են կա՛մ լավ, կա՛մ ոչինչ` հետևելով լատինական իմաստուն խոսքին` De mortuis aut bene, aut nihil, ապա մեր օրերում մեր հասարակության մեջ եղած բոլոր վատ երևույթների հետքերը փնտրում են «Սովետի» մեջ։ Հաճախ կարելի է լսել, որ խաբելը, կաշառակերությունը, կոռուպցիան, ստորանալը, գողանալը, թալանելը և այլ մարդկային վատ հարաբերությունները փոխանցվել են նախորդ հասարակարգից։ Արդոք այս ամենը ճշմարի՞տ է, թե՞ գործում է «երբ եզը ընկնում է` դանակավորները շատանում են» սկզբունքը։ Ինչևիցե։ Բոլորովին վերջերս մի պատվարժան պարոն շատ հստակ ասաց հեռուստատեսությամբ, թե կաշառակերությունը մենք ժառանգել ենք անցած պետությունից։ Մտածում եմ` մի՞թե մինչև «Սովետի» ծնունդը հայը չի իմացել, թե ինչ բան է կաշառակերությունը, ո՞ր լեզվում է արմատը, և մենք ե՞րբ ենք փոխառել այդ բառը։ Այս մտորումների մեջ էի, երբ հիշեցի հանճարեղ Հովհաննես Թումանյանի «Վերևից» բանաստեղծությունը` բոլոր հասարակարգերի ու հասարակությունների մասին. «Տեսավ ուտում են ամենքին, ամեն հայրենիք իր զավակին և իր պաշտողին ամեն մի ասված և կյանքը տանջանք, ցավ համատարած»։

Եվ իսկապես, որ մի հայրենիքն է փայլել իր ոսկի բարքերով, որտե՞ղ են ապրել «Ոսկի քաղաքի» օրենքներով, ո՞ր հայրենիքը չի «կերել» իր ժողովրդին` Հին աշխա՞րհը, Ֆրանսիա՞ն, Գերմանիա՞ն, Ռուսաստա՞նը, Իտալիա՞ն, թե՞ Իսպանիան, ԱՄՆ-ը։ Ոչ մեկը։ Իսկ վատ երևույթներ կան ցանկացած պետության մեջ, գուցե մի քիչ պակաս կամ ավելի, և կապել որևէ կոնկրետ երևույթ կոնկրետ պետության հետ, կարծում եմ, ճիշտ չէ։ Ամեն սերունդ պետք է ինքը ավելի լավ դրսևորվի, ո՞վ է խանգարում նրան։ Մեր ուսումնառության տարիներին էլ էին ասում, որ կաշառակերություն է պաշտոնական դիրքի չարաշահումը, պետությունից գողանալը (ժողովրդից գողանալու բան չկար), շանտաժը անցած հասարակարգից են եկել, համապատասխան օրենքների միջոցով շատ վատ երևույթներ արմատախիլ էին արվում, թեև «Ոսկի քաղաքը» այդպես էլ չկառուցվեց։ Մենք ժառանգեցինք վատերը, դրան ավելացրինք նոր վատերը` ահավոր հովանավորչությունը, մարդու շահագործումը մարդու կողմից` բառիս բուն իմաստով, և ծաղկեցնելով առաջ ենք տանում։ Եթե իսկապես նշված վատ երևույթներից չկարողանանք ազատվել, ապա ինչպես եղավ, որ շատ լավ երևույթներից, որոնք աշխարհն էր ընդունում, ասենք, ձրի ուսումնառությունը, ձրի բժշկությունը, ձրի գրահրատարակչությունը, գիտության և արվեստի պետական հովանավորումը, հարյուր հազարավոր մարդկանց, միայն Հայաստանում, ձրի բնակարան տրամադրելը, որտեղ, ի միջի այլոց, ապրում են մեզնից շատ շատերը (նաև անցածը փնովողները), կարողացանք հապճեպ ազատվել։ Գուցե երևույթը մեր մե՞ջ է։ Այն տարիներին Ռիգան նույնպես «Սովետի» մեջ էր, բայց մի ծանոթ ռիգացի կատակով հարցրեց, թե որքա՞ն է խառատ ընդունվելու ՎջՊՈ-ն` նկատի ունենալով կաշառքով գործի ընդունվելը։ Կամ ե՞րբ է եղել, որ հայ պաշտոնյան չի կաշառել (ընծա տարել) հզոր պետությունների պաշտոնյաներին` իր դիրքը պահպանելու համար։ Արդյոք դասական գրականության մեջ ոչ մի հայ չի՞ գրել կաշառակերության մասին։ Այլ բան է, որ մեր կյանքում տեղ գտած որոշ վատ երևույթներ խանգարում են մեր առաջընթացին։ Եթե այդպես է, ուրեմն չեն գործում օրենքները, որոնք արդեն չեն ժառանգել անցյալից։ ՈՒրեմն պետք է դառնալ օրինապաշտ։ Հիմա էլ որոշ նախկին խորհրդային հանրապետություններում շատ լավ բաներ կան, ասում են, նույնիսկ Վրաստանում բավական առաջընթաց կա օրենքների կիրառման տեսակետից։ Ճիշտ է, ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչպես են մարդիկ ապրում այլ վայրերում, բայց ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ արդարության, ազնվության, բարոյականության խորհրդանիշը եթե ոչ ամբողջ աշխարհում, գոնե մեր տարածաշրջանում դառնար Հայաստանը, մեր ազգին դա կսազեր։ Իմ կարծիքով, հինգ տարին էլ բավական է, որ ազգին հետ վարժեցնես վատ սովորություններից։ Հասարակությունը պետք է մաքրվի, զուլալվի մեծամասնությանը ոչ հարիր երևույթներից. մտածենք գոնե կկվի նման` «ծառն ամենքինս է հավասար»։ Ի՞նչ վատ էր, որ «էն վախտ» լողում էին Սևանա լճի ցանկացած հատվածում։ Հասարակության մեջ տիրող վատ սովորույթների մասին իր խոսքն ասաց նաև մի պատվարժան հովվապետ, կարևորելով նաև հավատի դերը։ Հավատացյալն արդար է լինում, խոհեմ, հանգիստ, ունի խիղճ դատելիս և ղեկավարելիս։ Բայց պատվարժան սրբազանի այն միտքը, որ մեր հավատքը կորավ «Սովետի վախտ», դրան ես զգույշ եմ մոտենում, քանի որ (փակագծում ասեմ, որ իմ պապը` տեր Գրիգորը, եղել է գավազանակիր ավագ քահանա, սերված ազնիվ տոհմից, ինչպես գրված է իր շիրմաքարի վրա և «փախել» է Թբիլիսիից` տիֆի ճանկերից մոտ 180 տարի առաջ, պատսպարվելով Սևանա վանքում) մորս հետ և՛ Սևանա վանք ենք գնացել, և՛ այլ մատուռներ այցելել, իսկ ես եղել եմ Գեղարդում, Էջմիածնում, Հաղպատում, հաճախ մտել եմ Կոնդի և Սուրբ Սարգիս եկեղեցիները, և ոչ ոք ինձ չի արգելել մոմ վառել։
Մի՞թե մի վաթսուն տարվա աթեիստական քարոզն ավելի զորեղ գտնվեց, քան 1700 տարվա հավատքը։ Ինձ թվում է` պատճառը սուբյեկտիվ է, նաև սոցիալ-տնտեսական գործոնն է դեր խաղում։ Մի՞թե մենք չենք բացականչում «փառքդ շատ, Աստված» կամ «փառք քեզ, Աստված», «փառք Աստծո» և այլ աստվածահաճո արտահայտություններ։ Նորից եմ ընդգծում` բոլոր հասարակարգերում էլ եղել են և կան լավ և վատ երևույթներ։ Մեր խնդիրն է պահպանել լավը և այն ավելի լավացնել, իսկ ինչպես վկայում են խելոքները` դեպի անցյալը նետած քարն ընկնում է ապագայի գիրկը։
Լավ է, եթե ազգովին լծվենք ավելի լավի հաստատմանը և հավատարիմ մնանք դարերից եկող իմաստությանը, որն աստվածահաճո է`
«De mortuis aut bene, aut nihil»։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բժիշկ, Երևան

Դիտվել է՝ 73062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ